Հայաստանի կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հայաստանում չկա և չի կարող լինել պարենային ապրանքների դեֆիցիտ։ Այնինչ, պարենային ապրանքների անհետացումը կամ նվազ քանակությունը շուկայում, տարբեր պետությունների միմյանց նկատմամբ սանկցիաների կիրառումը, շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը վկայում են այն մասին, որ որոշակի պարենային ապրաննքների դեֆիցիտ այնուամենայինիվ կլինի։ Օր օրի ավելացող գնաճը ևս դրա մասին է վկայում։ Ենթադրվում է, որ պետությունները ժամ առաջ մտածեն այդ խնդրի շուրջ։ Խնդրին անդրարձել է «Համայնքայն համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը․ «Սպասե՞նք դեֆիցիտին, թե՞ կանխենք դեֆիցիտը։
Հիմա շատ է խոսվում հացահատիկի, ալյուրի և հացի դեֆեցիտի մասին։
Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ որևէ դեֆիցիտ չկա և չի կարող լինել։
Այս ամենով հանդերձ ականատես ենք գնաճի։ Երեկ անձամբ եմ տեսել՝ ինչպես է քաղաքացին ալյուր փնտրում մի մեծ գյուղի խանութներում ու չէր գտնում։
Թեև կառավարության ներկայացուցիչները նշում են, որ դեֆիցիտ չկա, սակայն այս խարխուլ աշխարհաքաղաքական իրավիճակում անհնար է, որ ճգնաժամային իրավիճակ չլինի թե՛ այլ երկրներում, թե՛ նույն ՀՀ-ում։
Չգիտեմ, միգուցե մեր պետությունը ունի նման իրավիճակներին դիմակայելու ռազմավարություն, ինչը մեծ հաշվով չի զգացվում, ամեն դեպքում ասեմ՝ ինչ կարող են անել հացահատիկի հնարավոր դեֆիցիտի չեզոքացման համար։
Մեր երկրի, գյուղերի զգալի մասում գյուղատնտեսական հողերը չեն մշակվում։
Կան այդպիսի համայքնային և մասնավոր հողեր։
Կառավարությունը կարող է պատվիրակել ՏԻՄ-երին այդպիսի հողերի վրա հենց հիմա իրականացնել գարնանացան՝ համապատասխան միջոցների հատկացմամբ։
Պետական սուբվենցիաների գումարները կարելի է ուղղել այդ ուղղությամբ, կարելի է նաև վերանայել ընդհանուր միջոցների բաշխվածությունը և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներ։
Անհրաժեշտ է փնտրել և գտնել որակյալ, գարնանացանի համար նախատեսվող բարձր արտադրողականության սերմացու։
Բոլոր համայնքների այդպիսի ազատ հողերի վերաբերյալ կան քանակական տվյալներ ՏԻՄ և վիճակագրական ծառայությունների դատաբազաներում։
Այն չմշակվող հողերը, որոնք պատկանում են քաղաքացիներին, ևս կարող են մշակվել քաղաքացիներին շահավետ առաջարկներ ներկայացնելու միջոցով, որոնք կմոտիվացնեն մշակել այդ հողը կամ էլ ՏԻՄ-ը կարող է քաղաքացու գրավոր համաձայնությամբ մշակել այդ հողը՝ ստացված բերքից որոշակի չափաբաժին տրամադրելով գյուղացուն։
Իմիջայլոց, ցանկացած ՏԻՄ ինքը ևս կարող է իրականացնել այս ամենը չսպասելով պետական համապատասխան քաղաքականության առկայության կամ հանձնարարության։
Ամեն ինչ էլ կարելի է անել, ամեն ինչ էլ հնարավոր է անել, պետք է ուղղակի սկսել չարչարվել կամ ավելի շատ չարչարվել և ոչ ստանդարտ մոտեցումներ կիրառել։
Ի դեպ, գարնանացան անելու համար դեռևս մի ամսից ավել ժամանակ կա։»

